Bible

Designed

For Churches, Made for Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Song of Solomon 5

:
Armenian - NEA
1 Թող իմ եղբորորդի՛ն իջնի իր պարտեզը և իր ծառերի պտուղներն ուտի։ Մտա իմ պարտեզը, քո՛ւյր իմ հարս, հավաքեցի զմուռսն իմ՝ խնկերով հանդերձ, կերա հացն իմ մեղրով, խմեցի գինին իմ կաթով։ Կերե՛ք, մերձավորնե՛ր իմ, խմե՛ք և հարբե՛ք, եղբորորդինե՛ր իմ։
2 Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։
3 Հանեցի իմ պատմուճանը. ինչպե՞ս հագնեմ այն, լվացի ոտքերս. ինչպե՞ս աղտոտեմ դրանք։
4 Իմ եղբորորդին մեկնեց իր ձեռքը պատուհանից, դրանից որովայնս խռովվեց։
5 Ես վեր կացա՝ բացելու դուռն իմ եղբորորդու առաջ. իմ ձեռքերը զմուռս կաթեցրին, և իմ մատներից զմուռս լցվեց դռան բռնակի վրա։
6 Ես բացեցի դուռն իմ եղբորորդու առաջ, իմ եղբորորդին անցավ, և իմ հոգին ելավ նրա խոսքի հետ։ Փնտրեցի նրան և չգտա, կանչեցի նրան, և ձայն չտվեց ինձ։
7 Ինձ հանդիպեցին քաղաքում շրջող պահապանները, խփեցին և վիրավորեցին ինձ. պարիսպների պահապանները ամառային հագուստս հանեցին իմ վրայից։
8 Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով. եթե գտնեք իմ եղբորորդուն, պատմե՛ք նրան, որ ես լի եմ նրա խանդակաթ սիրով։
9 Ինչո՞վ է առավել քո եղբորորդին մյուս եղբորորդիներից, գեղեցի՛կդ կանանց մեջ, ինչո՞վ է նա առավել մյուս եղբորորդիներից, որ այդպես երդվեցնում ես մեզ։
10 Եղբորորդին իմ սպիտակ է ու բոսոր՝ ընտրված բյուրավորներից,
11 Նրա գլուխը պատվական ոսկի է, վարսերը՝ գանգուր ու ագռավի նման սև։
12 Աչքերը՝ իբրև աղավնիներ առատ ջրերի վրա, կաթով լվացված ու նստած առատ ջրերի վրա։
13 Խնկամանների պես նրա ծնոտները բուրում են անուշահոտությունը օծման յուղերի, շուշաններ են շուրթերը նրա, որ առատ զմուռս են բուրում։
14 Ոսկյա ճախարակներ են ձեռքերը նրա՝ զարդարված ակներով Թարսիսի. փղոսկրյա տախտակ է որովայնը նրա՝ ընդելուզված ակներով շափյուղա։
15 Ոսկյա խարիսխների վրա հաստատված մարմարյա սյուներ են սրունքները նրա։ Տեսքը նրա նման է Լիբանանի ընտիր եղևնափայտի,
16 Քացրությամբ է լի ու ամբողջովին ցանկալի է կոկորդը նրա։ Այսպիսին է եղբորորդին իմ, այսպիսին է մերձավորն իմ, դուստրե՛ր Երուսաղեմի։
17 Ո՞ւր գնաց քո եղբորորդին, գեղեցի՛կդ կանանց մեջ, ո՞ր կողմը գնաց քո եղբորորդին, որ մենք էլ քեզ հետ փնտրենք նրան։